«Թող Դավիթ Ամալյանին կանչեին, Գեղամ Նազարյանին կանչեին, հարցնեին՝ ո՞նց նշենք սեպտեմբերի 21-ը». Գեղամ Նազարյան

Պատերազմում զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների մի շարք ծնողները բողոքի ցույց են անցկացնում Հանրապետության հրապարակում՝ ընդդեմ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

«Հերոս տղաների ծնողները կոչ արեցին «գունագեղ շոուն» չեղարկել: Դրանից հետո վերանայվեց ինչ-ինչ բաներ, հրավառությունը հանվեց, որոշ ուրախ կատարումներ հանվեցին: Երբ տղաների շիրիմները դեռ թարմ են, ունենք գերիներ և անհայտ կորածներ, այս իրավիճակում այսպիսի մեծածավալ շոու կազմակերպելն իրոք անընդունելի է»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Իր խոսքով՝ որևէ մեկը չի ասում, որ անկախության օրը չպետք է նշվի:

«Հիմա, այսօր, 2021 թվականին, երբ առաջին տարելիցն էլ չենք անցկացրել՝ դա է անընդունելին: Ծնողներին պետք է հասկանալ: Անկախ նրանից ինչ երաժշտություն է հնչում, այս մասշտաբով միջոցառում անելն ինքնախաբեություն է: Ամբողջ խնդիրը դա է»,-ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ Դավիթ Ամալյանը, ում որդին զոհվել է պատերազմում, Եռաբլուրում երգել է Ամանորի գիշերը, բայց դա ուրիշ ձևաչափ է եղել: Ոչ ոք չի ասել, որ դա համերգ է եղել:

«Դե թող Դավիթ Ամալյանին կանչեին, Գեղամ Նազարյանին կանչեին, հարցնեին՝ ո՞նց նշենք սեպտեմբերի 21-ը: Փորձ արվեց ցույց տալ աշխարհին և հարևաններին, որ այս ժողովուրդը հարմարվել է առկա իրողություններին, հիմա էլ քեֆ ուրախություն է անում»,-ասաց Գեղամ Նազարյանը:

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգար Նազարյանը ևս զոհվել է Արցախյան 2-րդ պատերազմում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել