Դանիայի իշխանությունները որոշել են չերկարաձգել սահմանափակող միջոցները, որոնք ներդրվել են COVID-19-ի տարածումը կանխելու համար: Այս երկիրը ԵՄ-ի տարածքում առաջինն է, որն ամբողջությամբ վերացրել է COVID-ի հետ կապված ներքին սահմանափակումները, հայտնում է Politico-ն:
Սեպտեմբերի 10-ից Դանիան այլևս չի պահանջում հատուկ անցագրեր` ռեստորաններ, ակումբներ և մարզասրահներ այցելելու համար, կարանտինը մնում է միայն կորոնավիրուսով վարակվածների համար, իսկ կոնտակտային անձանց համար ինքնամեկուսացումը չեղյալ է հայտարարվում: Օգոստոսի 13-ից Դանիայում հասարակական տրանսպորտում երթևեկելիս այլևս դիմակ դնելու կարիք չկա։
Առողջապահության նախարար Մագնուս Հոյնիկեն թվիթերյան իր էջում գրել է, որ սահմանափակումների վերացումը հնարավոր է եղել պատվաստումների և «Դանիայի ժողովրդի մեծ ջանքերի» շնորհիվ: Դանիայի իշխանությունները, օգոստոսի վերջին հաստատելով սահմանափակումների վերացումը, ասացին, որ կորոնավիրուսը «այլևս կրիտիկական սպառնալիք չէ հասարակության համար»: