Սեպտեմբերի 12-ին Փաստաբանների պալատում տեղի է ունենալու նախագահի ընտրություններ։ Ընտրության կապակցությամբ գրանցված թեկնածուներն են Գևորգ Գյոզալյանը և Սիմոն Բաբայանը, իսկ Թամարա Գևորգյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կազմակերպվել էր բանավեճ։
Գևորգ Գյոզալյանը ներկայացրեց իր ծրագիրը և պատասխանեց հարցերին։
Մասնավորապես, Սիմոն Բաբայանը Գևորգ Գյոզալյանին ասաց․ «Առաջարկում եք վարքագծի կանոնագիրք փոխել և այլ, օրինակ՝ խոսքը գնում է անձի կողմից միտք արտահայտելուն, վիրավորանքին։ Դուք դատական ակտերն ուսումնասիրե՞լ եք, տեսե՞լ եք ինչքան ունենք անվավեր ճանաչված խորհրդի որոշումներ և արդյո՞ք այդ քանակը բավարարում է, որ նման եզրահանգման գաք»։
Գևորգ Գյոզալյանը նշեց, որ իր դիրքորոշումն ակնհայտ է։
«Ես ընդունում եմ, հարգում եմ դատական ակտերը։ Ինքս ներգրավված եմ եղել կարգապահական պատասխանատվության ենթարկված մի շարք փաստաբանների շահերի պաշտպանությանը և կարող եմ ասել, որ նրանք ակնհայտորեն չեն հասկացել սա, և մինչ օրս էլ կարծում եմ, որ նրանց հետ կապված վերջնական դատական ակտերն արդարացի չեն։ Իմ հույսը այս առումով ոչ թե դատարաններն են, այլ Փաստաբանների պալատի խորհուրդը, որովհետև նրա ասածն ինձ համար ավելի հեղինակավոր է, քան դատարանների, որովհետև Փաստաբանների պալատի խորհուրդը պետք է լինի այն մարմինը, որը լավագույնս կարող է մեկնաբանել վարքագծի նորմերը»,-ասաց նա։
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Գևորգ Գյոզալյանին հարց ուղղեց նաև պալատի նախագահ Արա Զոհրաբյանը․ «Ինձ թվում է՝ ցանկացած փաստաբան ընտրությանը մասնակցելիս իր մեջ որոշակի առումով ՓՊ-ի նախագահի չափանիշներ է վերագրում այդ անձին, ում որ պետք է ընտրի։ Իմ անունից ասեմ, օրինակ, այդ չափանիշներից 2-ը նշեմ. վճռականություն և ուժեղ կամք։ Դուք ստեղծել էիք «Փաստաբաններ» խումբը, հետո հեռացաք, Ֆեյսբուքից հեռացաք, հետո եկաք, գիտավերլուծական համակարգի կենտրոնի ղեկավար նշանակվեցիք, ինչ-որ ժամանակ հետո եկաք ասացիք՝ ծանրաբեռնված եմ, դուրս եկաք։ Այս փաստերից ելնելով, կարող ենք ասել, որ դուք ՓՊ նախագահ ընտրվելուց հետո, առաջին իսկ առիթով չեք շեղվի՞ ձեր իրական գծից»։
Գևորգ Գյոզալյանը ասաց, որ ինքը չի խուսափել դժվարություններից։
«Իմ և ձեր միջև եղած զրույցը չարժի մանրամասն ներկայացնել։ Ես ձեզ հավատացնում եմ, որ յուրաքանչյուր որոշում, որը ես կայացրել եմ, եղել է փաստարկված, հարցի լուծում է եղել դա։ Դե, ձեզ դժվար դա կարողանամ համոզել, դուք ակնհայտորեն ունեք ձեր նախընտրած թեկնածուն, ես այդպես եմ կարծում»,-նշեց նա։
Արա Զոհրաբյանը նկատեց, որ Գևորգ Գյոզալյանն ասում է՝ իրենք իշխանության դեմ են դուրս եկել և դրա հետ կապված իրենք մեզ հետ լավ չեն վերաբերում։
«Ի վերջո՝ պալատը կախված է իշխանությունից և հլու-հնազանդ կատարում է նրա կամքը, կամ ՓՊ-ն չի ենթարկվում իշխանությանը, և խնդրում եմ ասեք՝ վերջին 3 ամսվա մեջ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում, քննարկում ունեցե՞լ եք, թե ոչ, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորների, նախարարների»,-նշեց Արա Զոհրաբյան։
Գևորգ Գյոզալյանն ասաց, որ վարչապետին հաստատ չի հանդիպել։
«Կարեն Անդրեասյան, Ռուստամ Բադասյան. չեմ հանդիպել։ Վերջերս պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին եմ հանդիպել։ Փոխնախարար չեմ էլ ճանաչում»,-ասաց Գևորգ Գյոզալյանը։
Կարդացեք նաև՝
- Փաստաբանների պալատի հաջորդ նախագահը «նախարարություն» է ժառանգելու․ Գևորգ Գյոզալյան
- Փաստաբանների պալատը բավականին լավ վիճակում է հանձնվում պալատի հետագա նախագահին․ Սիմոն Բաբայան