Սա պահեստազորի պատրաստականության շրջանակում անցկացվող սովորական միջոցառում է, որը պլանավորված է եղել դեռևս մի քանի ամիս առաջ, «Հանրային հեռուստաընկերության» եթերում, մեկնաբանելով 2021 թվականի օգոստոսի 25-ից մեկնարկող պահեստազորայինների եռամսյա հավաքի նպատակը, ասել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը:
Նա նշել է, որ մինչև այժմ վարժական հավաքներն անցկացվել են 10-օրյա ժամկետում, բայց 1994 թվականից հետո առաջին անգամն է, որ սահմանվել է եռամսյա ժամկետ։
«Ժամկետները որոշում է կառավարությունը։ Կառավարության որոշած առաջին ժամկետը 3 ամիսն է։ Ռազմաուսուցված պահեստազոր ունենալու համար վարժական հավաքներ անցկացնելուց հետո նրանք կցագրվելու են զորամասերին, որպեսզի համալրման ժամանակ ունենանք ավելի պատրաստ պահեստազորայիններ», – ասել է Արմեն Ավթանդիլյանը։
Ավթանդիլյանի խոսքով՝ վարժական հավաքի նպատակը պահեստազորայիններին կարճաժամկետ զինվորական ծառայության ներգրավելն է։
«Զորակոչվելուց հետո նրանք համարվելու են զինծառայողներ և օգտվելու են զինծառայողների բոլոր արտոնություններից, ստանալու են նաև աշխատավարձ», – ասել է նա։