Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամըանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

«Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև ՀՀ վարչապետի, ԱՀ նախագահի և ՌԴ նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում։

Եթե չեմ սխալվում, վերջին անգամ նման ձևաչափով հանդիպում տեղի էր ունեցել ապրիլին, իսկ մայիսի 12-ի՝ Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումից հետո, հանդիպումների շարքը կասեցվել էր։

Եվ ուրեմն ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական օկուպացիայի և վերջին օրերին սահմանագծի տարբեր հատվածներում մահվան ելքով սադրանքների ֆոնին, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունների վերսկսումը։

Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել և իշխանությունները հանդուրժելով Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվելու փաստը, առաջնորդվում են ադրբեջանական հավակնությունների տրամաբանության ներքո։

Կոմունիկացիաների բացման, սահմանների դեմարկացիայի և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա միջազգային ճանաչման հարցը պետք է լինեն մեկ ընդհանուր փաթեթում։

Արցախի հարցը դուրս թողելով ընթացիկ բանակցային օրակարգից, հենց մեկնարկում այս իշխանությունն արձանագրում է, որ առաջ է շարժվում Ադրբեջանից պարտադրվող նախապայմաններով, որում բացառապես ներկայացված է Ադրբեջանի պետական շահը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները:

Օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել