Սիսիան խոշորացված համայնքի նախկին ղեկավար, 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով: Ճիշտ է, մինչ օրս հանիրավի խոչընդոտվում է իմ կողմից պատգամավորական լիազորությունների ստանձնումը, սակայն համոզված եմ, որ շատ շուտով արդարությունը կվերականգնվի, և ես կկարողանամ ՀՀ Ազգային ժողովում անցնել իմ պարտականությունների կատարմանը՝ նպաստելով պետականամետ ու հայանպաստ օրենքների ընդունմանը:
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ճանաչելով, հավատալով ու վստահելով ինձ, խորհրդարանական ընտրություննրին իրենց քվեն են տվել «Հայաստան» դաշինքի օգտին՝ մեր քաղաքական թիմից ակնկալելով պայքար մինչև հաղթանակ: Մեր պայքարը հզոր, անվտանգ ու բարեկեցիկ պետություն ունենալու համար է:
Հարգելի սիսիանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ խոշորացված Սիսիան համայնքի ղեկավարի իմ լիազորությունները: Անցած հինգ տարիների համատեղ լարված և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի, համայնքային կառույցների աշխատակիցներին, ավագանու անդամներին և վարչական ղեկավարներին: Մեր գործունեության գլխավոր նպատակը Սիսիան բազմաբնակավայր համայնքի զարգացումն ու բնակչության բարօրությունն է եղել: Միասին շատ ծրագրեր ենք կազմել, իրականացրել, շատ աշխատանքներ ենք կատարել, որոշները ընթացքի մեջ են…անելիքները դեռ շատ են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Սիսիան քաղաքի և խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 31 բնակավայրերի բոլոր բնակիչներին: Ես միշտ իմ հարազատ ծննդավայրի կողքին եմ լինելու և սիսիանցիների հոգսերով եմ ապրելու: Շուտով կտեսնվենք:
Ի վերջո մեզ միայն մի կյանք է շնորհված և յուրաքանչյուրս պետք է ապրենք արժանապատիվ հայի կյանքով՝ հանուն ազատ, անկախ Հայաստանի:
Խաղաղություն և անվտանգ ապագա Հայաստանի Հանրապետությանը:
Բարին ընդ ձեզ»: