Կառավարությունը օգոստոսի 12-ի նիստին որոշում ընդունեց, ըստ որի հիփոթեքային վարկերի եկամտային հարկի գումարների վերադարձը՝ հունվարի 1-ից սկսած, աստիճանաբար էլ չի գործի։
Որոշման նպատակը հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է, ինչպես նաև քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Երևան քաղաքի վարչական սահմաններում ըստ գոտիականության և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Մասնավորապես, սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում,
բ․ 2023 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,
գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում,
դ․ 2025 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում,
Սահմանվել է նաև, որ առաջարկվող սահմանափակումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստացված շինարարական թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով։
Բնականաբար, նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշել է. «Մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք բազմաթիվ բնակավայրեր, որտեղ վերջին 30 տարում՝ անկախությունից ի վեր, ոչ մի բնակելի շենք չի կառուցվել: Երբ այս ծրագիրը ներդրվել է, հասկանալի է՝ տնտեսական հետաքրքրությունն այնպիսին է, որ հիմնականում Երևան քաղաքում է շինարարությունը տեղի ունեցել և Երևանի առավել կենտրոնական մասերում: Հիշեցնեմ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը գործում է առաջնային շուկայի դեպքում, այսինքն՝ միայն նորակառույց շենքերի դեպքում, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարզերում ապրող, աշխատող մարդիկ, հնարավորությունը չկորցնելու համար, բնակարան են ձեռք բերում Երևան քաղաքում: Արդյունքում ստացվում է, որ մենք ասում ենք տարածքային համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, բայց իրականում ավելի մեծ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում, և սա փաստ է:
Հիմա մենք այս որոշմամբ ի՞նչ ենք անում. որոշակի կանխատեսելի ժամկետներում արտոնությունն սկսում ենք վերացնել՝ սկսած Երևանի կենտրոնից, և այսպես ուղղորդել դեպի, այսպես ասած, կառավարության շենքից հնարավորինս հեռու գոտիների վրա, որպեսզի կարողանանք խթանել նաև մարզերում շինարարությունը: Իհարկե, այստեղ կան հարցեր, որոնք դեռ անորոշ են, մասնավորապես, կապված շինարարության ինքնարժեքի և ներդրման շուկայական գրավչության հետ: Բայց այս քաղաքական որոշումը պետք է կայացնենք և հետագայում աշխատենք նաև ներդրողների, պոտենցիալ շինարարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ գներ են գործում, և որքանով են այդ գները մրցունակ: Բայց մեր խնդիրն է, և նաև պետք է հնարավորինս աջակցենք, որպեսզի մարզերում նույնպես բնակարանային շինարարություն տեղի ունենա:
Ընդհանրապես պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում բնակֆոնդն էականորեն մաշված է Երևանում, նաև մարզերում, որովհետև շենքերի հիմնական մասը կառուցվել է 70-80-ական, նույնիսկ ավելի առաջ, այսինքն՝ 50-ական թվականներին: Ընդհանուր առմամբ, մեր ողջ բնակարանային ֆոնդը թարմացնելու անհրաժեշտություն ունենք: Սա խնդիր է, որի համար նույնպես ռազմավարական լուծումներ պետք է գտնենք, բայց այս պահին դեռ խոսում ենք մի փոքր այլ թեմայի մասին՝ խթանենք, որպեսզի մարզերում նույնպես բնակարանային շինարարությունը իրականություն դառնա: Այստեղ միայն այս որոշմամբ չէ, պետք է շարունակենք ուղեկցել մեր որոշումները: Սա վերաբերում է մյուս մեր բոլոր կայացրած որոշումներին ևս՝ ժամանակ առ ժամանակ պետք է վերադառնանք և տեսնենք՝ այս կամ այնորոշումը կայացրեցինք, հետո ի՞նչ արդյունքներ բերեց: Լավ նպատակներ ունեցող որոշումները ինչպե՞ս պետք է լավարկենք, որ այդ նպատակներին հասնենք՝ ավելի թիրախային կամ ավելի մեծ ծավալներով»:
Ֆինանսների նախարարը նաև պարզաբանել է, որ շինարարական թույլտվությունների համար արտոնյալ ժամկետ է սահմանվում 2022թ. հունվարի 1-ը, և որպեսզի այն երկարաժամկետ ձգձգվող գործընթաց չդառնա, Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ կաշխատեն՝ այս կիրառության առումով խելամիտ սահմանափակումներ մշակելու շուրջ, որոնք կնպաստեն տրված թույլտվությունների շրջանակում շինարարության արագ իրականացմանը:
Վարչապետը ևս անդրադարձել է այս խնդրին՝ ասելով. «Խոսքը հետևյալի մասին է. նախատեսվում է, որ այն արտոնությունները, որոնք հիմա դուրս են գալիս, շարունակում են գործել մինչև 2022թ. հունվարի 1-ը ստացած շինթույլտվությունների համար, բայց կան հետագայում շինթույլտվությունները երկարացնելու, նորացնելու, թարմացնելու մեխանիզմներ: Մինչև 2022թ. հունվարի 1-ը տրված շինթույլտվությունն օգտվում է վերացող արտոնությունից, բայց պետք է վերջնաժամկետ սահմանենք, որպեսզի այդ ժամկետն առաձգական չլինի, շինարարությունը կոնկրետ ժամկետներում տեղի ունենա, և ներդրում՝ կոնկրետ ժամկետներում կատարվի: Նախագծի հետագա մշակման ընթացքում այդ նրբությունը պետք է անպայման հաշվի առնել»:
Մանրամասները՝ տեսանյութում