Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես են եկել հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից ու հայտարարություններից զերծ մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության համընդգրկուն և տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարության նիստից առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի մասին։
«ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը՝ այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու ՀՀ հանձնառությունը»,-ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի համար ընդունելի է նաև սադրիչ գործողություններից ու հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը, ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ ու միջավայր ձևավորելու համար։ «Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների ու հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։
Նախկինում ասել եմ, հիմա էլ՝ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնողի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապատումն էական նշանակություն ունի հետագա դեէսկալացիայի և կայունացման համար։ Այդուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է։
«Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:
Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով: Այս հարցերը մենք առավել մանրամասն կքննարկենք կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ընդունման ժամանակ»,-նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում