Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի ուղղությամբ․ ՊՆ

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր։

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայկական կողմն ունեցել է երեք զոհ, հինգ վիրավոր։ 11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:  08։40-ի սահմաններում թշնամին կրկին կրակ է բացել։ Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։

Օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, թշնամին խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ։

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել