Հային թույլ չեն տալիս, որ ներկայացնի իր մշակույթը, այստեղ է սկսվում մեր ողբերգությունը. Տեր Շահե

Իրավաբան.net-ի «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Հայ եկեղեցու Ոսկե դարի մասին զրուցել ենք Արարատյան հայրապետական թեմի Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Շահե Հայրապետյանի հետ:

-Հայոց եկեղեցու պատմության Ոսկե դարը մեկնարկեց 5-րդ դարի սկզբին՝ գրերի գյուտով: Ներկայացրեք Ոսկե դարի էությունը:

-Ոսկե դարը իր ակունքներով գնում է դեպի Եդեսիա, դեպի Աբգար թագավորի տիրույթը: Առաջին անգամ հենց նրա խնդրանքով Թադեոս առաքյալը Երուսաղեմից բերել տվեց Աստվածաշունչը և առաջին անգամ թարգմանությունը տեղի ունեցավ Եդեսիայում: Դրանից հետո է, որ այդ հիմքի վրա Գրիգոր Լուսավորիչը հրավիրեց նաև հույն և ասորի քահանաներին, որպեսզի իրենք կարողանան այդ թարգմանական Աստվածաշունչը ներկայացնել հայերեն:

Ինչով էր կարևոր Ոսկե դարը մեզ համար, նախ՝ Աստվածաշունչը հայոց լեզու ստացավ և հետագայում այն բնութագրվեց որպես Թագուհի թարգմանությանց:

-Կասե՞ք Աստվածաշնչի, եկեղեցական արարողական գրքերի, քրիստոնեական նշանավոր հեղինակների գործերի հայերեն  թարգմանության և դրա անհրաժեշտության մասին:

-Երբ եկավ Թադեոս առաքյալը հայոց աշխարհ, առաջին ժամերգությունները, որ կատարվում էին եկեղեցիներում սաղմոսներն էին: 150 սողմոս եղել է մեր ժամագրքի հիմքը: Ժամագրքին զուգահեռ շարականները սկսեցին ծաղկել, նաև ճառընտիրները, վարքագրական նյութերը, այսինքն հայոց մատենադարանը լցվեց:

Մեր գենետիկ մտածողությունը հեռու է մեզանից, դրա համար օտար, ոչ արժեքավոր նյութերը տեղ են գտնում մեր մեջ, բայց մենք, մոռանում ենք, որ մենք լուրջ քաղաքակրթության արդյունք ենք, և այն, ցավոք սրտի, պահվում է նկուղներում:

-Հնարավո՞ր է առանց եկեղեցու, կրոնի պատկերացնել ժամանակագրության Ոսկե դարը:

-Նույնն է, որ ինձ ասեիք՝ Ադամն աշխարհիկ մարդ էր, թե՞ կրոնական մարդ: Ամեն վայրկյան Աստծուն իր աչքի առաջ ուներ: Եթե քննենք ամբողջ հին ազգերին, առանց կրոնի չկա ժողովուրդ: Եթե այցելենք Իսրայել պետություն, մենք կտեսնենք, որ մենք կրոնական պետության մեջ ենք, այսինքն առանց եկեղեցու չկա փրկություն, չկա ժողովուրդ, չկա քաղաքակրթություն: 18-րդ դարում է, որ եկան «նոր լուսավորիչներ», որոնք հայտարարեցին, որ այլևս միտքն է առաջին պլան գալիս և կրոնը մոռացումի է գնում: Այդ ժամանակից, շատ մեծ թափով սկսվում են ցեղասպանությունները, ֆաշիզմը և համաշխարհային պատերազմները:

-Տեր Շահե, առհասարակ ի՞նչ է պետք իմանալ Հայ եկեղեցու Ոսկե դարից:

-Իմանալու համար պետք է իմաստություն խնդրենք մեր ղեկավար անձանց համար, որպեսզի գոնե գրաբարը մտնի որպես դասընթաց, որովհետև այլևս փակ կմնա հայի լեզուն աշխարհի առաջ: Գալիս են Մատենադարան և մեր գենետիկ մտածողությունը տանում են և իրենք իրենց ուզած ձևով են փոխում: Թույլ չեն տալիս, որ հայն իր մշակույթն ինքը ներկայացնի և այստեղ մեր ողբերգությունն է սկսվում: Եթե իմ մանուկը սովորի գրաբար՝ նա արդեն ազատ մուտք կգործի Մատենադարան և կգործի հրաշքներ:

Մանրամասները տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել