Նման «որոշումներից» երբեք չեմ ընկրկել, այլ լրիվ հակառակը․ Արամ Վարդևանյան

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ,

Ընտրությունների անվավերության փաստը չարձանագրելու Սահմանադրական դատարանի որոշումը բնական է՝ պայմանավորված է առնվազն հինգ դատավորների խիզախության բացակայությամբ։ Ընտրական իրավախախտումների հաստատված զանգավածային բնույթը, Սահմանադրական դատարանում նիստի ընթացքում նույնիսկ դրանց արձանագրումը, հակափաստարկների բացակայությունը՝ այլևս փաստ է, որը կախվածության մեջ չէ ՍԴ որոշումից։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ովքեր ամեն օր հետևում էին այս դատավարությանը, աջակցում էին մեզ և հենց Ձեր օգնությամբ այս զանվածային խախտումները դարձան հանրությանը հասանելի։

Հիշեցնեմ ընկերներ ջան, նման «որոշումներից» երբեք չեմ ընկրկել, այլ լրիվ հակառակը»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը այսօր՝ հուլիսի 17-ին, հրապարակեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը։

ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» ուժերը: Նրանց դիմումները քննարկվում էին մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես էր գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ էին ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել