Բարձրագույն դատական խորհրդում հուլիսի 15-ին տեղի ունեցավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննությունը։
Նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց, քանի որ քաղաքացիական գործերից մեկով ինքը և դատավոր Գրիգորյանը հանդիսանում են դատավարության հակառակ կողմեր։
Նշենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել լրատվական միջոցներից մեկին տրված հարցազրույցը։
ԲԴԽ-ում իր միջնորդության մեջ արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտում:
Մինչդեռ դատավոր Գրիգորյանն ու նրա ներկայացուցիչները պնդեցին, որ դատավորը փաստական տվյալի հիման վրա դատողություն է արել և միջնորդությունը ենթակա է մերժման:
ԲԴԽ-ի որոշմամբ՝ այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա հուլիսի 26-ին, ժամը 15.00-ին: