Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 14-ին, արդեն 6-րդ օրն է ինչ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:
Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
«Չի կարելի Բարձր դատարանում ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն և անմիջապես կհերքվեն բարձր դատարանում: Չի կարելի իրավաչափ գործողությունները ներկայացնել, որպես ոչ իրավաչափ և այս հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Որևէ դեպքում չի կարելի Սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ Սահմանադրական մարմնի հասցեին»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:
Բադասյանը դիմումատուների փաստերը բաժանեց երկու խմբի ու ասաց, որ առաջին խումբն ընդհանրապես դուրս է ՍԴ-ի լիազորություններից ու չարժե դրանց անդրադառնալ: Երկրորդ խմբի մասին պատասխանողներին, հարակից պատասխանողներին լսելուց հետո նրա մոտ տպավորություն է ստեղծվել, որ բովանդակային առումով արդեն դատավարությունը ավարտվեց. «Դիմումատուները անընդհատ փորձում էին մամուլին ներկայացնել, որ բացառիկ ծավալի մասին է խոսքը գնում: Ես տեսա բացառիկություն տառերի քանակի, նախադասության, տողերի քանակի, էջերի քանակի, բայց ոչ բովանդակային առումով: Որովհետեւ այնքան պարզ հերքեցին այդ բոլոր փաստարկները, որ անկողմնակալ դիտորդի մոտ որեւէ կասկած չմնաց»:
Իր ելույթի ավարտին Բադասյանն անդրադառնալով Դավիթ Հարությունյանի ելույթին, որի ժամանակ վերջինս խորհորդ տվեց դիտել Netflixի նոր սերիալը, Ռուստամ Բադասյանն ասաց.
«Ինչ վերաբերում է Netflix-ի նոր սերիալին, ես ավելի դասական ֆիլմից կուզեի օգտվեինք՝ Կուստուրիցայի «Underground» ֆիլմը, որտեղ բավական տեւական ժամանակ ժողովրդին իջեցրել էին բունկեր, խաբում էին իրենց կարգավիճակի մասին, ենթարկում էին տարբեր տառապանքների, թալանում էին, ամենակարեւորը՝ բարոյալքում, իսկ բունկերի բեմահարթակի վրա խոսում վեհ արժեքներից, հայրենիքից»:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Մանրամասները՝ տեսանյութում