Դիտեք Netflix-ի նոր սերիալը, կտեսնեք այսօրվա Հայաստանը. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներին

Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 14-ին, արդեն 6-րդ օրն է ինչ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, մարդկանց հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը, որևէ աղերս չունեն ո՛չ ժողովրդավարության, ո՛չ ազատ ընտրությունների սկզբունքի հետ: Այս առումով «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական հակափաստարկը կառուցված էր այն հակափաստարկի կամ սխալական թեզի վրա, որ իբր չկա նյութական իրավունքի նորմ, որը պետք է հիմք հանդիսանար Փաշինյանի խոսքը սահմանափակելու համար»,-իր ելույթում նշեց նա:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ հանրային իշխանության ներկայացուցիչ հանդիսանալը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, որը որևէ ընդհանրություն չունի ատելության խոսքի և պատժելու սպառնալիքի հետ:

«Ինչքան էլ «Քաղաքացիական պայմանագիրը» նշի, որ Փաշինյանի խոսքը ես կոնտեքստից կտրված եմ ներկայացրել, որևէ մեկը հանրությանը չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտություններն ինչպիսի է՝ «չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու», «կտեսնեք կադրային ջարդուփշուր», «պողպատե մանդատով ընտրությունից հետո գալու ենք ձեր հետևից», «հիմա չագուչի հետ կծանոթանաք» և այլն, կարող են տեղ ունենալ ժողովրդական արժեքներ ապավինող երկրում և ինչն առավել սարսափելի է՝ կարող են հնչեցվել փաստացի երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա՝ բռնության սպառնալիքների և ատելության խոսքի մասին Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը պետք է սթափեցնող լիներ առաջին հերթին իշխանության ներկայացուցիչների համար:

«Սակայն դատավարության ընթացքում ակնհայտորեն նկատվեց ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի արձագանքը արժեզրկելը: Այն ինչ ՄԻՊ-ի արձանագրած խախտումները պետք է զգաստության կոչ հանդիսանային առաջին հերթին հենց հանրային իշխանության համար»,-նշեց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել