Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 14-ին, արդեն 6-րդ օրն է ինչ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:
Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն իր խոսքում նշեց, որ կուսակցությունն իր դիմումում նշել է ընտրություններն անվավեր ճանաչելու մի քանի հանգամանքներ։
«Կապված 658 տեղամասերում օրենքով սահմանված կարգով պահպանված չլինելու փաստով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ առարկեց, որ քվեաթերթիկները քվե են դառնում, երբ նրանց վրա փակցվում են դրոշմանիշները, որ ԿԸՀ-ն դեռևս 2018 թվականին նման որոշում է կայացրել և որպես փաստարկ բերեց այն, որ չօգտագործած քվեաթերթիկները տեղամասային արձանագրություններում չեն հաշվվում և գործընթացն օրինական է։ Կարծում ենք, որ ԿԸՀ այս պատճառաբանությունը բացարձակապես չի կարող համարվել դրած պայմանների հերքում, քանի որ Սահմանադրության 6-րդ հոդվածի հիմքով՝ պատասխանողը չունի լիազորություն նման որոշում կայացնելու, այդպիսի լիազորություն նրան չի տալիս նաև Ընտրական օրենսգիրքը»,-ասաց Արտակ Գալստյանը։
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ Բարձր դատարանում է ամբողջ ԱԺ-ն՝ երկու խմբակցություններ, որոնք ունեն 1/3 և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Մի պահ, եթե պատկերացնում ենք, որ Բարձր դատարանն այսօր այս գործի շրջանակներում չի անդրադառնում Ընտրական օրենսգրքի սահմանադրականության հարցին՝ իմ մոտ կա ներքին համոզմունք, առավել ևս, որ գործողություններից երևում է, երբ երկու կողմերը վիճարկում են սահմանադրականությունը, դուք պետք է քննեք այդ հարցը, ուզեք, թե չուզեք՝ մեկ ամիս հետո, երբ Ազգային ժողովի 1/3-ը դա կներկայացնի։ Իսկ հիմա կարո՞ղ ենք պատկերացնել մի այնպիսի իրավիճակ, որ եթե այսօր դուք համարում եք Ազգային ժողովը ձևավորված, իսկ դիցուք մեկ ամիս հետո համարում եք, որ Ընտրական օրենսգիրքը եղել է հակասահմանադրական։ Սա որպես մոտեցում»,-ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Մանրամասները՝ տեսանյութում