Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 14-ին, արդեն 6-րդ օրն է ինչ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:
Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
Առաջինը եզրափակիչ խոսքով հանդես եկավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ ի տարբերություն ցանկացած այլ դատարանի՝ Բարձր դատարանը միակ դատարանն է, որ կարող է բացահայտել այս ընտրությունների ամբողջ կոնտեքստը։ Վարդևանյանը խոսեց նաև նոյեմբերի 7-ին ստորագրված համաձայանգրի մասին։
«Վերջին երեք տարիները ՀՀ-ում մեկ ուժի կամքի, պարտադրանքի, թելադրանքի, ռեսուրսի և որոշումների կայացման տարիներն են եղել․ բացառապես մեկ ուժի։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը միապետություն ստեղծելու մասին չէ, այն երբեք չի եղել դրա մասին։ Մեր անկախության հռչակագիրը չի եղել միապետության և մեկ ուժի կողմից ՀՀ բոլոր որոշումների ընդունման մասին։ Սահմանադրության 4-րդ հոդվածը՝ զսպումների և հակակշիռների վերաբերյալ երաշխիքները, ժողովրդավարության սկզբունքը՝ թե՛ վերջին 3 տարիներին, թե՛ հիմա, Բարձր դատարան, ոչ միայն վտանգված են, այլ, փաստացի, տապալված են և Բարձր դատարանը կարող է այս իրավիճակը վերականգնել։ Կարող է ապահովել այն՝ ինչ սահմանադիրը միշտ ակնկալել է Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության գերակայության ապահովումը։
Մենք այս ժամանակահատվածում էլ ծայրահեղ մարտահրավերների առաջ ենք կանգնած, ես վստահ եմ, որ Բարձր դատարանի հարգարժան դատավորները ոչ միայն զուտ Բարձր դատարանի դատավորներ են, այլ նաև ՀՀ քաղաքացիներ, ովքեր ևս տեսնում են իրական պատկերը, իրական մարտահրավերները և այն ծայրահեղ վտանգավոր իրավիճակը, որում գտնվում է ՀՀ-ն»,- իր ելույթում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը կարող է կանխել հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը, նոր անհասկանալի գորոծողությունները։
«Իսկապես, այս գործը պարզապես ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ։ Պատահական չէ, որ գործի քննության ընթացքում հենց Բարձր դատարանի կողմից էլ նշվեց, որ այս վեճերը զուտ ընտրական իրավունքի մասին չեն, այն իր մեջ պարունակում է նաև քաղաքական բաղադրիչ, բայց ի տարբերություն բոլոր այլ ժամանակահատվածների, այս անգամ քաղաքական բաղադրիչը նաև պետական անվտանգության բաղադրիչի հետ է ուղղակիորեն փոխկապակցված։
Բարձր դատարան, այս ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ՀՀ ժողովրդի իրական կամքը, պատկերը, որը մենք տեսնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ խեղաթյուրված է։ Եվ մեր խնդրանքն է Բարձր դատարանին՝ բոլոր այն հիմքերը, որոնք մենք ներկայացրինք, որոնցից և ոչ մեկի վերաբերյալ մենք փաստացի, ուղղակի բացառում չտեսանք, այս դատական քննության ընթացքում շատ խոսվեց մեր դիմումում ներկայացված Ջեմմա Մարտիրոսյանի մասին։ ՀՀ քաղաքացի, ով չպետք է լիներ ընտրական ցուցակում, պարզվեց, որ կա ցուցակում, իր փոխարեն ստորագրվել է, նախկինում երբ նման դեպք էինք տեսնում միշտ նշան էր դրվում, որ այդ անձը շփոթվել է ստորագրելիս, նշանով տեղափոխումներ էին անում։ Այս անգամ դա էլ չի եղել։ Եվ հարց․ Ջեմմա Մարտիրոսյանի դեպքում այս իրավիճակը փորձում էին մեր դատախազները հիմնավորել, որ տեխնիկական շփոթմունք են։ Բա քանի՞ հազարավոր կարող են լինել նման իրավիճակներ։ Այս հանգամանքը չբացառվեց, այլ՝ հաստատվեց։
Բարձր դատարան, իսկապես ուզում եմ արձանագրել, որ այս ընտրությունների վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է և բավարար Սահմանադրական դատարնի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմն իրացնելու համար։ ԿԸՀ այս որոշումն անվավեր է, դրանից բխող հետևանքները կորոշի Բարձր դատարանը»։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Մանրամասները՝ տեսանյութում