Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
«Զարթոնք»-ի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նիստի սկզբում միջնորդություն ներկայացրեց գործին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության մասին։
Ըստ Զոհրաբյանի՝ Վահե Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին դեմքի, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն է եղել թե՛ ՀՀ-ում, թե՛ ՄԻԵԴ-ում և չի կարող անաչառ լինել։
«Նիկոլ Փաշինյանի նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմնակալության վերաբերյալ օրինաչափ կասկած կա․․․Խնդրում ենք լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործին մասնակցելու անհնարինության հարցը»,-նշեց Զոհրաբյանը։
ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հիշեցրեց, որ Վահե Գրիգորյանի գործին մասնակցելու անհնարինության հարցի վերաբերյալ «Հայաստան» դաշինքը արդեն միջնորդություն է ներկայացրել և հարց ուղղեց Զոհրաբյանին՝ արդյոք նա տեղյակ է միջնորդության մասին։ Զոհրաբյանը նշեց, որ տեղյակ է «Հայաստան» դաշինքի միջնորդության մասին, սակայն դրա հիմքում այլ պատճառներն են։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ գործի այս փուլում հարցը ՍԴ քննության առարկա չի կարող դառնալ, միջնորդություն պետք է ներկայացվեր դիմումի հետ միասին։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս ներգրավվել է գործում՝ որպես երրորդ անձ: ՔՊ շահերը դատարանում ներկայացնելու են է 3 անձ, այդ թվում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Սուրեն Գրիգորյանը: