Սպանություն Երևանի կենտրոնում․ այն կապում են Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) եղբոր սպանության հետ

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց այսօր՝ հունիսի 2-ին, քիչ առաջ տեղի է ունեցել սպանություն՝ հրազենի գործադրմամբ։

Դեպքի վայրից Իրավաբան․net-ի լրագրողը հայտնեց, որ ժամանել են մեծ թվով ոստիկաններ, քրեագետներ, քիչ անց՝ նաև դատաբժիշկներ, որոնք իրականացրին դիակի զննություն։ Այնուհետև դին շտապօգնության մեքենայով տեղափոխվեց։

Նշենք նաև, որ դեպքի վայրում ռուսական պետհամարանիշով երկու ավտոմեքենա կար։ Ոստիկանները հարակից տարածքների տեսախցիկների ուսումնասիրություն են սկսել։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այս սպանությունը կապված է օրեր առաջ՝ մայիսի 31-ին, Էջմիածնում կատարված մեկ այլ սպանության՝ քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։

Իրավաբան․net-ին Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը հայտնել էր, որ դեպքի պահին Արթուր Ասատրյանը եղբոր կողքին չի եղել։

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Վաղարշապատի հիվանդանոցի Շտապ Օգնության բաժանմունքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Նույն օրը` ժամը 18:30-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ և «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երևան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել