Գևորգ Կուլիջանյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 23-ին, Մարտակերտում։ Երբ 6 տարեկան էր, մոր հետ եկել են տատիկի տուն՝ Էջմիածին, Ծաղկունք գյուղ։ Վրաերթից մայրը մահացել է։ Երեք տարի առաջ էլ Արցախում մահացել է Գևորգի զինվորական հայրը։
«Սիրում էր ոտքով քայլել, ուր գնում էր, ոտքով էր գնում-գալիս, սիրում էր, որ ամեն ինչ ինքն իրենն ունենար։ Ասում էի՝ Գև ջան, տրանսպորտով գնա, ոտքով էդքան ճանապարհ ես գնում, ասում էր՝ մարդ իր մեքենայով պետքա գնա կամ էլ՝ ոտքով»,- պատմում է Գևորգի մորաքույրը, տղայի երկրորդ մայրը՝ Քրիստինե Հովհաննիսյանը։
Գևորգը շատ է սիրել իր ընկերներին, իրենց գյուղը՝ Ծաղկունքը․ «Գյուղի ամեն ծայրամասում իրենց թաքստոցն ունեին, անընդհատ հավաքվում էին։ Շատ աշխատասեր էր, եթե բան չունեին անելու, գնում էին գործ գտնում, աշխատում, խնձոր էին հավաքում։ Որ ասում էի՝ ինչի ես գնում, էդ ծանր աշխատանքները անում, դեռ ժամանակը չի, ինձ ասում էր՝ մա, բաներ կան, որ ես ձեզնից փող չեմ վերցնի դրանց համար, պիտի աշխատեմ»,-ասում է Քրիստինեն։
Ընկերների խոսքով՝ միշտ հասնում, օգնում էր ընկերներին, եթե անգամ կռված, նեղացած էլ լինեին ու տեսներ, որ ինչ-որ հարցում օգնության կարիք կա, կգար, կօգներ, առանց մի բառ ասելու էլի կգնար։
Բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 9-ին, սկզբում Մարտունիում է ծառայել, հետո տեղափոխվել է Ստեփանակերտ։ «Շատ էր սիրում ծառայությունը, զինվորական ամեն ինչը, Երկրապահների մոտ կրտսեր սերժանտ էր։ Գաղտնապահ էր, ասում էր՝ զինվորը պիտի գաղտնապահ լինի»,-պատմում է Գևորգին մեծացրած մորաքույրը։
«Զոհվելուց մի օր առաջ զանգել էր գիշերը 12-ին, ասել մի երկու ժամ քնեմ, էլի կզանգեմ։ Եղբայրս մինչև ժամը 4-ը սպասել էր, Գևը զանգեց ու ուրախացել էր, ասում էր՝ ինչ լավ ա, որ ինձ մինչև էս ժամը սպասող կա»,-հիշում է Գևորգի մանկության ընկերուհին՝ Գոհար Բալասանյանը։
Վերջին անգամ մոր հետ խոսել է հոկտեմբերի 31-ին, հեռախոսն անջատել, որ կրակոցների ձայնը նա չլսեր, չէր ասել, որ իրենք էլ են կռվին մասնակցում։
Վիրաբի՝ Գևորգի ամենմտերիմ ընկերոջ խոսքով՝ զանգել էր իրեն, ասել, որ գնալու են Շուշի, կարող է մի քանի օր չզանգել, թող ընկերները գնան, իրենց տան համար ցախ կտրեն, ցախը քիչ էր ձմռան համար։ «Չզանգեց, մենք տարբեր համարներով հետ էինք զանգում, որ գտնենք իրեն, մի տղա պատասխանեց, ինքն էլ ասաց, որ մահացել է, չհավատացինք, մտածեցինք, որ կարող է շփոթված լինի»,-ասաց Վիրաբ Բալասանյանը։
«Սնարյադ է ընկել, առանց մի վայրկյան մտածելու զենքերը գցել է ձեռքից ու ազել ընկերներին օգնելու, նորից սնարյադ է ընկել ու ինքն էլ զոհվել»,-պատմում է Գևորգի ընկերը՝ Արթուր Արշակյանը։
«Անսովոր է իր մասին անցյալով խոսելը, առանց իրեն էս օդը շնչելը՝ ահավոր։ Ոնց ենք ապրում՝ չգիտեմ, հետո ոնց ենք ապրելու՝ էդ էլ չգիտեմ»,-ասում է մայրը։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում Գևորգ Կուլիջանյանը զոհվել է նոյեմբերի 1-ին, Շուշիի մատույցներում։