Հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ. ոստիկանություն

 «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Հայտնում ենք, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով: Այս գործողությունները ոստիկանության գործառույթների շրջանակում են և առաջին հերթին բխում են նախընտրական շտաբների շահերից և ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը: Իսկ վերոհիշյալ  հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն էր տաչածել, որում ասված էր.

«Ինչպես տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելուց հետո իրականացնում է Երևանում և մարզերում նախընտրական շտաբերի կազմավորման գործընթացը։

Մարզային որոշ շտաբերից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ոստիկանության առանձին ծառայողներ տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որևէ հիմնավորման ներս են մտել շտաբերի տարածքներ և փորձել են հետարքրվել շտաբի ցուցանակի, շտաբի կազմակերպչական այլ հարցերի մասին։

Հատուկ և հստակ տեղեկացնում ենք, որ Ոստիկանության որևէ ծառայող չի կարող ստանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, պարտավոր է մնալ իր իրավասությունների տիրույթում և որևէ փորձ անգամ չկատարի «Հայաստան» դաշինքի շտաբի գործընկերների նկատմամբ անուղղակի ճնշում գործադրելու ուղղությամբ։ Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը նման վարքագծի նկատմամբ, հաշվի առնելով վարչական ռեսուրսի չարաշահման օբյեկտիվ մտահոգությունները։

Այսպիսի անընդունելի վարքագծի կրկնվելու դեպքում մեր կողմից կնախաձեռնվեն կտրուկ իրավական գործընթացներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել