Ոչ մի փոփոխություն․ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ Սյունիքում առկա իրավիճակի մասին

Սյունիքում իրավիճակը մնում է նույնը, որևէ փոփոխություն չկա։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Մեր հարցին, թե արդյոք ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները դեռ այնտեղ են, փոխքաղաքապետն ասաց. «Մեկնաբանություններ չեմ կարող անել»:

Հիշեցնենք, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել է․ «Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել