Թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողների հոգեզավակները հիմա նոր անուններ ունեն․ Արսեն Թորոսյան

Թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողների ու հարձակման ճանապարհներ ցույց տվողների հոգեզավակները հիմա նոր անուններ ունեն՝ վահեհակոբյաններ, հրանտբագրատյաններ, նաիրազոհրաբյաններ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ Իրավաբան․net-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնեց, որ այսօրվա բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հնարավոր է ադրբեջանական կողմը նահանջի։

Նման տեղեկությամբ կիսվեց նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է․ «Իմ ունեցած տեղեկություններով` Սյունիքի մարզում ադրբեջանական չորս դիրք կլինի` յուրաքանչյուրում 15֊ական զինվոր»։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տեղեկություններով՝ «ադրբեջանցիները ՀՀ տարածքում պոստեր կունենան և իրենց ձեռքում մնաց 3.2.3.2 բարձունքը»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել