«Ամենաբարդը ընտանիքի կարոտը հաղթահարելն է»․ ինչու՞ են Հայաստանում երեխաները հայտնվում մանկատանը

Մելինեն 8 տարեկան է եղել, երբ հայտնվել է մանկատանը՝ քրոջ ու եղբոր հետ։

«Ծնողներիս մահից հետո հորաքույրներս մեզ հանձնեցին մանկատուն»,- ասում է նա։

Արդեն 12 տարի է, ինչ Մելինեն դուրս է եկել այնտեղից, բայց հիշում է, որ ամենաբարդը ընտանիքի կարոտը հաղթահարելն է եղել։ 

«Մանկատան երեխաների պատմություններն այնքան տարբեր են։ Ոչ բոլոր երեխաներն են մեզ պես` ծնողների մահվան պատճառով հայտնվում  այնտեղ։ Մեծամասամբ ընտանիքի անապահով վիճակի, ծնողների ոչ ճիշտ կյանքի, բաժանությունների պատճառով է լինում»,- ասում է Մելինեն։

Նա հիշում է երեխաների, որոնք 16-17 տարեկանում նոր տեսնում էին իրենց ծնողներին, երեխաներ էլ կային, որոնք այդպես էլ չէին իմանում իրենց ծնողների մասին։ 

Մանկատանը հայտնվելու ամենաշատ հանդիպող պատճառներից մեկը

Մարինե Ադուլյանը, ով «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահն է, ասում է, որ Հայաստանում երեխաներին մանկատուն հանձնելու առաջնային պատճառներից մեկը երեխաների առողջական խնդիրներն են՝ զուգակցված սոցիալական տարբեր գործոններով, որոնք ծնողների համար ստեղծում են մի շարք դժվարություններ՝ երեխաներին կենսաբանական ընտանիքում պահելու համար։ Հենց այդ պատճառով էլ ստեղծվել է «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը։

«Ֆեյսբուքյան խմբերից մեկում ծննդատանը գտնվող մայրիկներից մեկը կեսգիշերին մոտ տեղեկացրել էր, որ առանց թաթիկների, առանց մեկ ոտքի ծնված երեխային ծնողները լքել են։ Խմբի անդամ ծնողներից մի քանիսով հենց այդ գիշեր՝ ժամը 2-ին մոտ, ծննդատուն գնացինք։ Ծննդատան մոտ հավաքված մամաներին արգելում էին տեսնել երեխային, ինչն էլ մեզ ստիպում էր նոր ուղիներ գտնել՝ արգելքները հաղթահարելու համար։ Ու հանպատրաստից մեզ հետ կանգնած մամաներից մեկը ասաց, որ մենք «Բարի մամա» միջազգային կազմակերպությունն ենք ներկայացնում, որն էլ հետագայում լրջացավ և հիմք հանդիսացավ «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադրման համար»,- հիշում է Մարինե Ադուլյանը։

Կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Նրանք աշխատում են ծնողների հետ, որոնք հաշմանադմությամբ պայմանավորված ցանկանում են իրենց երեխաներին հանձնել մանկատուն։

«Ամենաբարդը այս աշխատանքում ծնողների ապատեղեկացվածությունն է առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կազմակերպման հարցում, ինչպես նաև հասարակության վերաբերմունքը նման ընտանիքների հանդեպ»,- ասում է Մարինե Ադուլյանը։

2014 թվականից ի վեր, ինչ ստեղծվել է կազմակերպությունը, 200 երեխայի մուտքը դեպի մանկատուն հնարավոր է եղել կանխել։

Հաշմանդամություն ունեցող երեխաները՝ մանկատներում

Ի պատասխան Իրավաբան․net-ի գրավոր հարցման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ՝ 2021 թվականի ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում գործող 5 մանկատներում կա 583 երեխա, որոնցից հաշմանդամություն ունեն 477-ը (81 տոկոս)։

Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլիկյանն ասում է, որ այսօր էլ որդեգիր ընտանիքներն առավելապես փոքր տարիքի երեխաների են ընտրում․

«Սա զուտ մտածելակերպի և մենթալիտետի խնդիր է, որովհետև յուրաքանչյուր ընտանիք, երբ երեխա է որդեգրում, ցանկանում է, որ երեխան փոքրուց իրենց սովորի, որովհետև երեխայի զարգացման սենզիտիվ շրջանը մինչև 3 տարեկանն է։ Ընտրում են այդպես, որ երեխայի՝ ճանաչելու, ընդունելու շրջանն իրենց հետ անցնի»,- նշում է նա։

Լիդա Ջուլիկյանը վեց ամիս է, ինչ տնօրինում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ը։ Նրա խոսքով՝ այդ ամիսների ընթացքում եղել են դեպքեր, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ևս որդեգրեն։

«Այս ամիսների ընթացքում թվով 17 առողջ երեխա վերադարձել է կենսաբանական կամ խնամատար ընտանիք։ Իսկ համշանդամություն ունեցող 3 երեխա է որդեգրվել, մի երեխա էլ գնացել է խնամատար ընտանիք»,- նշում է նա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ 2018, 2019, 2020, 2021 թվականի ապրիլի 2-ի դրությամբ հայաստանյան մանկատներ է մուտք գործել համապատասխանաբար՝ 82, 85, 57 և 25 երեխա, իսկ որդեգրվել է համապատասխանաբար՝ 34, 13, 11 և 2 երեխա։

2018, 2019, 2020 և 2021 թվականի ապրիլի 2-ի դրությամբ մանկատներ ընդունված սաներից 29-ը, 27-ը, 12-ը և 10-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են։

Պետության աշխատանքը՝ երեխաների մուտքը մանկատներ կանխելու ուղղությամբ

Ի պատասխան մեր այն հարցին, թե պետությունն ինչ ծրագրեր է իրականացնում՝ երեխայի մուտքը մանկատուն կանխելու համար, Լիդա Ջուլիկյանը նշեց, որ նախարարության կողմից մշակվում և իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք հնարավորինս կանխարգելում են երեխաների մուտքը փակ հաստատություն։

«Առաջինը, որ բախվում ենք, սոցիալական կարիքի գնահատումն է, որից հետո, ելնելով երեխայի լավագույն շահից, որոշվում է երեխայի համար լավագույն խնամքի միջոցը»,- նշում է նա։

Լիդա Ջուլիկյանի խոսքով՝ առաջին արդյունավետ տարբերակը կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումն է, իսկ եթե կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը չի բխում երեխայի լավագույն շահից՝ դիտարկվում է խնամակալության տարբերակը, և երրորդ ալտերնատիվ տարբերակը՝ խնամատար ընտանիքը։

«Խնամատար ընտանիքի գաղափարը վերջին շրջանում լայն արձագանք գտավ և արդյունավետորեն կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում։ Դա իրենից ենթադրում է թիմային աշխատանք, թիմային մոտեցում քաղաքապետարանի, մարզպետարանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մանկատների միջև»,- ասում է Լիդա Ջուլիկյանը։

Անդրադառնալով հաշմանդամությամբ պայմանավորված մանկալքության դեպքերին՝ նա ասաց, որ այս ուղղությամբ ևս տարբեր ծրագրեր են իրականացվում։

«Նախ ինֆորմատիվ բնույթ պիտի կրի։ Այսինքն, երբ ընտանիքում ծնվում է այս կամ այն առանձնահատկությամբ երեխա, պետք է ընտանիքին հոգեբանական աջակցություն ցուցաբերել։ Նաև տեղեկացնել, որ Հայաստանում գործում են տարբեր զարգացման, վերականգնողական կենտրոններ, որ բուժօգնությունը տրվում է անվճար, որ այդ երեխաներն ունեն ուժեղ կողմեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, և երեխաների ֆունկցիոնալությունը լավացվի»,- նշում է մանկատան տնօրենը։

Հարկ է նշել, որ 2020 թվականի հուլիսից ուժի մեջ է մտել նաև Քրեական օրենսգրքի 169․2 հոդվածը, ըստ որի, անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը պատժվում է․ նաև՝ ազատազրկմամբ։

ՀՀ ոստիկանությունն ի պատասխան մեր հարցման, հայտնեց, որ օրենքի ընդունումից մինչև 2021 թվականի մարտի 25-ը այդ հոդվածի հատկանիշներով հանցագործություններ չեն կատարվել, ահազանգեր, բողոքներ չեն ստացվել, քրեական գործեր չեն հարուցվել։

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել