Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի կողմից, ինչպես և ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Կարևորվել է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով նման բոլոր միջադեպերը լուծումը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետևողական կարգավորմանը»- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել