ՀԱՄԱՍ ազգայնական կազմակերպության ռազմական թևը ՝ «Ալ-Քասամ» բրիգադը, ստանձնել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների կատարման պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան:
Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»։
Տագնապային ազդանշանները, որոնք նախազգուշացնում են հնարավոր հրթիռային հարձակման մասին, հնչել են Երուսաղեմ և Բեյթ Շեմեշ քաղաքներում:
«Այժմ Ալ-Քասամի բրիգադները հրթիռային հարված են հասցնում թշնամուն գրավյալ Երուսաղեմում՝ ի պատասխան Սուրբ քաղաքի դեմ թշնամու հանցագործությունների և ագրեսիայի, ինչպես նաև Շեյխ Ջարրահում և Ալ-Աքսա մզկիթում մեր ժողովրդի նկատմամբ իրականացված հետապնդումների»,- ասել է Աբու Ուբայդան:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է նաև Իսրայելի Սդերոտ քաղաքի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչը հայտնել էր այն մասին, որ Իսրայելը ժամանակ ունի մինչև ժամը 18.00-ն Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Շեյխ Ջարրահի տարածքներից զինվորների դուրսբերման համար: