Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է Յարոսլավլի մարզի համանուն շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձանց վանդալիզմի գործողությունը՝ հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ:
Այս մասին դեսպանատունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում․
«Ստացված տվյալներով՝ Յարոսլավլի շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի գործողություն են իրականացրել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Նման սրբապղծության հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար։
Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը:
Մենք կարծում ենք, որ ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների ՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա:
Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար։
Այս առումով մենք մշտական կապի մեջ ենք իրավապահների եւ տեղական իշխանությունների հետ:
Նման արարքները պետք է դատապարտվեն, որպեսզի խուսափենք դրանց կրկնությունից»,- ասված է հայտարարության մեջ: