Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:
Ադրբեջանական լրատվամիջոցներին այդ մասին հայտնի է դարձել բավականին ուշ։ 3 հայ ռազմագերիների վերադարձը ադրբեջանական ԶԼՄ-ներում ներկայացվել է որպես «մարդասիրական քայլ» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։
Ադրբեջանական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ այսօր Երևան են վերադարձել Ռոբերտ Վ․-ն, Սամվել Շ․-ն և Սեյրան Թ․-ն։
«Հայ զինծառայողների ներգրավվածությունը հանցավոր գործողություններում, ներառյալ այնպիսի գործողություններում, որոնք հանգեցրել են ադրբեջանցի զինծառայողների կամ խաղաղ բնակիչների մահվան կամ վիրավորվելուն, չի հաստատվել»,-նշում են նրանք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև հենց ինքը Իլհամ Ալիևը մի քանի հայտարարել է, թե Բաքուն Երևանին է հանձնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարված հայ զինծառայողներին վերջիններս անվանում են «ահաբեկիչներ և դիվերսանտներ»։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։