Բայդենը տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում են ունեցել: Բայդենը տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»,- գրել է նա:
Bloomberg լրատվական գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդվում է, որ Բայդենը մտադիր է այդ կապակցությամբ հայտարարություն տարածել շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին։
Ինչպես արդեն հայտնել էինք, Բայդենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջոզեֆ Բայդենը և Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ նախագահը հետաքրքրություն հայտնեց կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ` լայն համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հետ կապված: Առաջնորդները պայմանավորվեցին հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել անձնական հանդիպում՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջ շրջանակը»,-ասվում է տեքստում։
Հիշեցնենք նաև, որ Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է անելու Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդի կապակցությամբ, բայց չի ասել, թե կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրույթը:
«Ես չեմ կարող որևէ բան կանխատեսել: Ես ակնկալում եմ, որ նախագահը հայտարարություն կանի Զոհերի հիշատակի օրը, բայց ես չեմ կարող հաստատել ոչինչ հայտարարության բովանդակության վերաբերյալ ձեր ենթադրությունների մասին», – ասել է խոսնակը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին։
Ավելի վաղ Wall Street Journal- ը հայտնել էր Բայդենի այս մտադրության մասին՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին:
Ըստ թերթի՝ Սպիտակ տան ղեկավարը ապրիլի 24-ին կարող է պաշտոնապես հայտարարել Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր որոշման մասին: Նշվում է նաև, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ, և Բայդենը կարող է սահմանափակվել պաշտոնական հայտարարությամբ, որում չի լինի ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչում:
Բայդենի նախորդը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, 1915 թվականի իրադարձությունների մասին իր հայտարարություններում խուսափեց նշել «ցեղասպանություն» բառը: Բարաք Օբաման (2009-2017), որի վարչակազմում Բայդենը ծառայում էր որպես փոխնախագահ, նույնպես խուսափեց այս սահմանումից: 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսը և Ներկայացուցիչների պալատն առաջին անգամ ընդունեցին բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում 1915 թվականի ողբերգությունը որակվեց որպես Հայոց ցեղասպանություն: