Ռուսաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված նախաձեռնություններին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Մենք չենք կարող չողջունել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դրա համար հուսալի հիմք են ծառայում անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցել նման գործընթացներին: Իհարկե, Ադրբեջանը և Հայաստանը դեռ գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, երկկողմ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհի սկզբում: Կարևոր է, որ այդ առաջընթացն ուղեկցվի դրական ֆոնով, այդ թվում՝ տեղեկատվական»,- ասել է Զախարովան։