Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին՝ կապված Ռուսաստանի «թշնամական վարքագծի» հետ:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը կանչեց ՌԴ դեսպանին` կապված Մեծ Բրիտանիայի խորը մտահոգության հետ, որը առնչվում է Ռուսաստանի թշնամական վարքագծի հետ, ներառյալ՝ կիբերհարձակումները, ժողովրդավարական գործընթացներին միջամտելը, ուկրաինական սահմանին ռազմական ներկայության ուժեղացումը, Ղրիմի ապօրինի բռնակցումը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր՝ ապրիլի 15-ին, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ SolarWinds- ի կիբերհարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը: