Ադրբեջանը Բելառուսի միջնորդությամբ կարող է սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների, այդ թվում` Հայաստանի հետ ինտեգրման գործընթացը, գրում է Gazeta.Ru-ն։
Սկզբի համար պաշտոնական Բաքուն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ, ինչպես, օրինակ, Մոլդովան։
«Եթե գործընթացը լավ ընթանա, Ադրբեջանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր արտահանումը և նույնիսկ ազատվել «նավթի անեծքից»: Հնարավոր են նաև հեղինակության բոնուսներ », – նշում է թերթը:
Նյութը հրապարակվել է ՌԲԿ-ի այն հաղորդագրության ֆոնին, որ Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Կազանում ապրիլի 29-30-ը: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են Ռուսաստանում և Հայաստանում երեք դիվանագիտական աղբյուրներ, որոնք հաստատել են կազմակերպության աշխատակազմի աղբյուրները: