Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ գերակա է համարում Հայաստանի զինված ուժերը ժամանակակից զենքերով համալրելը:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և կլինի մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը միշտ կլինի ուշադրության կենտրոնում», – ասել է կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերում արդեն սկսվել են լայնամասշտաբ բարեփոխումներ, «որոնք իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»:
«Պետք է ասեմ, որ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել բանակի լայնամասշտաբ բարեփոխումների, և, բնականաբար, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, այժմ իրականացվում են համապատասխան խորհրդակցություններ անհրաժեշտ կապերն արդեն հաստատվել են փորձագիտական մակարդակում», – ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ համոզված է՝ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, որով շատ հետաքրքրված է Հայաստանի կառավարությունը։