ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական ԶԼՄ-ներին հաստատել է ապրիլի 7-ին ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկատվությունը՝ մանրամասներ հայտնելով օրակարգից, փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ Պեսկովի, առաջին հերթին քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի դրույթների իրականացման ընթացքը, որը նոյեմբերին վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ:
Բացի այդ, քննարկվելու են Հայաստանում առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունների և Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Փաշինյանի ու Պուտինի առաջիկա հանդիպման մասին այսօր հայտարարել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ նշելով, որ ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։