ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից ոչ մեկին դատավոր չընտրեց: Քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 36-ը: 8 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորներ չեն ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի կողմ ձայն:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին՝ նշելով, որ այդ քայլով իրենց բողոքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ:

««Իմ քայլը» խմբակցությունը խորին ակնածանք ունի ներկայացված թեկնածուների՝ պարոն Հայկյանցի և պարոն Մկրտչյանի նկատմամաբ, և «Իմ քայլը» խմբակցությունը գնահատում է նաև անկախ, ազնիվ, արհեստավարժ դատավորներին և վստահ ենք, որ դատական համակարգում իրականացվելիք անհրաժեշտ բարեփոխումների և փոփոխություններին զուգընթաց և դրանցից հետո նրանք շարունակելու են ծառայել արդարադատությանը, պետությանն ու ժողովրդին։ Որպես ամփոփում պիտի նշեմ․ հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ մեր գնահատականը, ինչպես նաև այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված, լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ, «Իմ քայլը » խմբակցությունն այսօր չի ընտրելու թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերում, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ։

Մեր այս դիրքորոշումն ամրապնդվում է նաև մեկ այլ հանգամանքով․ հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձիք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի։ Այ այստեղ ենք հասել, տիկնայք և պարոնայք»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները․ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել