Նախադպրոցական կրթական ծառայությունները (մանկական ժամանցի կենտրոնները) լիցենզավորվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Համապատասխան օրենսդրական փոփոխության առաջարկը հավանության է արժանացել ՀՀ կառավարության՝ մարտի 4-ին կայացած նիստում: Մինչ այժմ գործող կարգավորմամբ լիցենզավորման պահանջը տարածվում էր միայն նախադպրոցական կրթական ծրագրերի վրա:
Համաձայն ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորման` ներկայում Հայաստանում գործում են մոտավոր հաշվարկով շուրջ 300 կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան ներքո, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ: Նմանօրինակ կենտրոնները գտնվում են նախարարության վերահսկողությունից դուրս, սակայն փաստացի զբաղվում են երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ` շատ դեպքերում նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) չպահպանելով: Դիտարկումները նաև ցույց են տվել, որ առանձին դեպքերում կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները` երեխաներին դպրոցին նախապատրաստելու առումով: Նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ. դրանք երբեմն գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ և այլն:
Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի օրենսդրական պահանջ` պարտադիր լիցենզավորման վերաբերյալ, որը կտարածվի նաև նախկինում տրված այն լիցենզիաների վրա, որոնք իրականացնում են նախադպրոցական ծառայություններ:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, նախկինում տրված նախադպրոցական կրթական ծրագրերի լիցենզիաները պետք է վերաձևակերպվեն` ապահովելով նախադպրոցական ծառայության պահանջները: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կդադարեցնի լիցենզիաների գործողությունը:
Օրենսդրական փոփոխության առաջարկությունը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի վերջին փոփոխությամբ սահմանված այն դրույթով (11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջներ), ըստ որի՝ նախադպրոցական բոլոր կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԿԳՄՍ նախարարության առաջարկած «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փոփոխության առաջարկությունը դեռ պետք է սահմանված կարգով ներկայացվի նաև Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը: