Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ որևէ հարցով համաձայնություն ձեռք չի բերվել, քանի որ վարչապետը պետք է հանդիպի նաև «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։
Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը չի կապում արտահերթ ընտրությունների հետ, սակայն Մարուքյանը նշեց, որ նրանք կապում են։
«Ես ուրիշ ոչ մի ճանապարհ չեմ տեսնում այս վիճակից դուրս գալու, քան արտահերթ ընտրությունները։ Վարչապետի և մեզ մոտ կա քաղաքական կամք շարունակելու բանակցությունները։ Կտեսնենք՝ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցությունը կլինի, թե՝ չի լինի, իրենց կամքն էլ կերևա։ Պայմանավորվեցինք, որ միայն մեր դիրքորոշումով չի կարող հարցը փակվել»,-նշեց Մարուքյանը։
Նա նշեց, որ չի պատկերացնում արտահերթ ընտրություններ՝ առանց Գլխավոր շտաբի հետ կապված ճգնաժամը հայտարարելու․ «Առաջարկել է Գլխավոր շտաբի հետ կապված խնդիրը դադար տանք, թողնենք ու դրանով զբաղվենք ընտրություններից հետո։ Առաջարկել եմ վարչապետին Օնիկ Գասպարյանին թողնել այդ պաշտոնում։ Վարչապետն ասում է՝ խնդիրները պետք է կապել իրար»։
Մարուքյանը հույս ունի, որ բոլորը իմաստություն կունենան և կսկսեն ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ փնտրել․ «Արտահերթ ընտրությունների գնալու կառավարության նախապայմանը հուշագիրն է»։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին և նիստի ընթացքում առաջին անգամ մոտեցավ ԱԺ ամբիոնին։
«Եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը (արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրման- խմբ.), մենք կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համաձայնեցված ժամկետներում: Ես արդեն հրավեր հղել եմ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և ես պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել և հույս ունեմ, որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ընտրությունների անցկացումը պետք է լինի համաձայնությամբ, քանի որ չեն ցանկանում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ:
«Մենք ընտրությունները դիտարկում ենք, որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց, ընտրությունը գործիք է այդ խնդիրը լուծելու և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան մեր այն սիրելի հայրենակիցները հնարավորություն կամ ժամանակ ունեն մասնակցելու կառավարության կամ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, այլև հնարավորություն ունենա բոլորը՝ ընտրական տեղամաս գնալով և իրենց կամքն արտահայտելով: Կառավարությունը ու նաև քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար, օրինական պայմաններում»,- նշեց վարչապետը: