Նշվում էր, թե ո՞վ է Երևանի ամենահարուստ դատավորը, ու 3-րդը Ռուբեն Վարդազարյանն էր․ Վիկտոր Ենգիբարյան

«Դատական իշխանության թիվ մեկ խնդիրը դարձել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ իր վարքագծով ու իր հայտարարություններով, էլ չասած՝ ստվերային գործունեություններով»․ այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում, իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Նա հիշատակումներ արեց 2013 թվականին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից դատական իշխանության վերաբերյալ հրապարակված զեկույցը։ Նրա խոսքով՝ հստակ թվարկվել էր դատական իշխանության կոռուպցիոն մեխանիզմների 4 տեսակ։

«ՄԻՊ-ն այն ժամանակ նկարագրում է այդ 4 տեսակը ու ինչն է հետաքրքիր․ երբ նայում ես այդ նկարագրությունը, կարծես արդարադատությունը մենյու ունենա, որտեղ դու կարող ես կատարել քո ընտրությունը։ Կաշառքի սակագները, ըստ զեկույցի, տատանվում են տարբեր միջակայքերում․ առաջին ատյանի դատարանում 500-10․000 դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2․000-15․000 դոլար, վճռաբեկ դատարանում 10․000-50․000 դոլար․ այսինքն արդարադատության մենյու է եղել»,-նշեց պատգամավորը։

Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ իրենց անհանգստությունն ու Ռուբեն Վարդազարյանի նկատմամաբ վերաբերմունքը բնավ անձնական որևէ խնդիր չունի։ «Մեր խնդիրը այն է, որ մենք տվել ենք գործիքները, ասում ենք աշխատեք այդ գործիքներով, և մենք չենք տեսնում դրա արձագանքը»,-նշեց նա։

Պատգամավորը հիշատակեց նաև դեռևս 2015 թվականին կատարված լրագրողական հետաքննությունը՝ «Թանկարժեք արդարադատություն. ո՞վ է Երևանի ամենահարուստ դատավորը» թեմայով․ «Երրորդ պատվավոր հորիզոնականը Երևանի ամենահամուստ դատավորների շրջանում զբաղեցնում է նույն պարոն Վարդազարյանը։ Ես դեմ չեմ, որ մարդիկ հարուստ լինեն, բայց հանրության մոտ հարցեր են ծագում, այդ հարցերի պատասխանը մենք պետք է ստանանք ու այդ հարցերը դառնում են ավելի սուր, երբ մենք քաղաքական հայտարարություններ ենք լսում»,-ասաց Վիկտոր Ենգիբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել