ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ռեկտորի ընտրության և կառավարման խորհրդի կազմավորման դրույթները հակասահմանադրական են

Փետրվարի 5-ին խորհրդարանում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Իրավաբան․net-ը ուսումնասիրել էր օրենքի նախագծի այն տարբերակը, որը ընդունվել է կառավարության կողմից և  խնդրահարույց դրույթներ հայտնաբերել։

Հանձնաժողովում Դումանյանի ներկայացրած նախագիծը մի շարք փոփոխություններ էր կրել։ Նախնական տարբերակի համաձայն՝ կառավարման խորհուրդը պետք է կազմված լիներ 12 անդամից, 6-ին պետք է ներկայացներ բուհը, 6-ին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը (նախարար)՝ գործարարներից, կրթության, գիտության, մշակույթի կամ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներից:

Հանձնաժողովի նիստում Դումանյանը նշեց, որ նախատեսվում է կրճատել կառավարման խորհուրդի կազմը, 12-ից այն դարձնել 9։ Նշվում է, որ 9-ից 5-ը գործադիր մարմնի ներկայացուցիչներ են լինելու, 4-ը՝ բուհի։ Իր ելույթի սկզբում նախարարը նշեց, որ բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է, իսկ իշխանությունը և բուհի անձնակազմը դարձել են հակամարտող կողմեր։ Այս նախագծի ընդունմամբ այդ հակամարտությունը կարելի է համարել ավարտված՝ իշխանության հաղթանակով, իսկ ճգնաժամը ավելի խորը, քան նախկինում։

Հակասահմանադրական է նաև նախարարի կողմից ռեկտորի նշանակումը։ Նախագծից ենթադրվում է, որ նախարարության կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամները ընտրելու են ռեկտորի թեկնածուների, իսկ նախարարը հաստատելու է մեկին կամ մերժելու է թեկնածուներին, եթե անգամ կա մեկ թեկնածու։ Հնարավորություն կա նախարարին ներկայացնել մինչև 3 թեկնածու։ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համաձայն՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը: Այսինքն, նախարարի կողմից ներկայացված նախագծի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը, քանի որ սահմանափակում են բուհի ինքնակառավարման իրավունքը։

Առանձին ուշադրության կարիք ունի նաև այն հանգամանքը, որ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերում նշված փոփոխությունները բացակայում էին, դրանք ներկայացրել է նախարարը։ Նիստը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ նախարարության ներկայացուցիչները լավ չէին տիրապետում նախագծին, դրա փոփոխություններին, իսկ նախարարը անգամ հայտարարեց, որ դրանցից ոչ բոլորն են իր համար ընդունելի։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով դրական կարծիք է տվել նախագծերի փաթեթին, որ պարունակում է հակասահմանադրական կարգավորումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել