Մոսկվան շարունակում է մնալ անվտանգության ոլորտում Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը, հայկական կողմը հույս ունի, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Հուսով եմ և համոզված եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կխորանան: Ռուսաստանը եղել և մնում է մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը անվտանգության ոլորտում», – ասել է Փաշինյանը երկկողմ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի ներդրումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում «շատ շոշափելի է, հատկապես հիմա»:
Գնահատելով տարածաշրջանի զարգացման հեռանկարները՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո Փաշինյանը նշել է, որ տնտեսական հարցերի լուծումը կարող է դժվար լինել «չլուծված հումանիտար խնդիրների ֆոնին, այն է՝ ռազմագերիների և մահացածների մարմինների փոխանակումը»: