Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում՝ զոհվել է ԵՊԲՀ ուսանող Աղաջան Ջանոյանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարնից հայտնում են․

«ԵՊԲՀ «Մերօրյա հերոսները» շարքի շրջանակում խորը  ցավով ենք անցյալ ժամանակով խոսում շուրջ երեք տասնյակ համալսարանականի մասին: Նրանք իրական հերոսներ են, որոնք ապրել են մեր կողքին ու կյանքը զոհել հանուն մեր խաղաղ օրերի:

Ստոմատոլոգիական ֆակուլտետից ևս մեկ սովորող՝ Աղաջան Ջանոյանը, զոհվել է ադրբեջանական ագրեսիայի դեմ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում։  Աղաջանին կուրսընկերներն ու ֆակուլտետի աշխատակիցները բնորոշում են որպես կարգապահ, խելացի, համեստ երիտասարդի:

«Չէինք կարող չնկատել նրա բարի, դրական և ընկերասեր վերաբերմունքը բոլորի հանդեպ»,- ասում է համակուրսեցին՝ Լաուրա Սողոմոնյանը։

Աղաջան Ջանոյանն ամռանն է  զորակոչվել  բանակ: Մեծ էր ապագա ստոմատոլոգի ցանկությունը վերադառնալ զինվորական ծառայությունից և շարունակել ուսումնառությունը՝ կարճ ժամանակահատվածում հարազատ դարձած համալսարանում:

«Միշտ բավականին վաղ էր գալիս համալսարան ու նստում  ընթերցասրահում, շատ էր սիրում տարբեր տեսակի, այդ թվում մարտական խաղեր խաղալ»,- նշում է դասընկերուհին՝ Միլենա Մելքումյանը:

Կուրսընկերուհիները փաստում են, որ Աղաջանը չափազանց դրական կերպար էր, միշտ լավ տրամադրություն ուներ և փորձում էր դրականը տարածել նաև շրջապատում: Դժվար իրավիճակներում էլ  փորձել է լավատես լինել և արժանապատվությամբ հաղթահարել:

Պատերազմում անմահացած զինվորը ծնվել էր 2002 թվականին  Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում:  Աղաջանը ծառայել է Մարտակերտում, զոհվել է Ներքին Հոռաթաղ գյուղում, արկի պայթելու հետևանքով:

Տղանե՛ր, խոնարհվում ենք Ձեր հիշատակի առաջ» :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել