Վարդան Այվազյանը ձերբակալվել է վարչապետի առանձնատնից գողացված օծանելիքի ու ժամացույցի քրեական գործով

Այսօր ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը:

Իրավաբան․net-ին Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց․

«Նա ձերբակալվել է ամսի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների՝ վարչապետի օծանելիքի ու ժամացույցի հայտնի քրեական գործով, թե իբր Վարդան Այվազյանը հանդիսացել է այդ իրադարձությունների կազմակերպիչը։ Ազգային անվտանգության ծառայությունը, հանդիսանալով վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գոյատևման միակ տարբերակը, անցել է իր գործին և բոլորին այս գործի շրջանակներում ներկայացնում է դատարաններ»։

Փաստաբանի խոսքով՝ ձերբակալումը ակնհայտ ապօրինի ու անհիմն է։

«Ակնհայտ է, որ ձերբակալումը կատարվել է միմիայն մի նպատակով՝ Վարդան Այվազյանի՝ նոյեմբերի 11-ից հետո սկսած ակտիվության, ցույցերին մասնակցությունը կանխելու համար»,- նշեց նա։

Միհրան Պողոսյանն ասաց, որ արդեն բողոք են ներկայացրել ձերբակալման դեմ․

«Այստեղ էլ են հետաքրքիր իրադարձություններ տեղի ունենում։ Բողոքը ներկայացրել ենք, բայց մինչև այս պահը դեռևս դատավոր չունենք մակագրման, կարծում եմ, որ վաղը ականատես կլինենք հերթական «սրտի» դատավորի փնտրտուքի օպերացիային, և այս ձերբակալման դեմ բողոքը այնքան ժամանակ չի քննարկվի, քանի դեռ ԱԱԾ քննչական վարչությունը կալանավորման միջնորդություն չի ներկայացնի դատարանին, որպեսզի կարողանան իրենց «սրտի» դատավորով որոշում կորզեն դատարանից»,- եզրափակեց փաստաբանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել