Զբաղվածության մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն գործազուրկը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած՝ աշխատանք փնտրող և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձն է, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ։
Այս օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում են զբաղվածություն համարվող գործունեության տեսակները, ըստ որի զբաղվածություն համարվող գործունեության տեսակներ են`
1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).
2) քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը.
3) անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը.
4) արտոնագրային վճար վճարողի գործունեությունը.
5) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.
6) ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:
Իրավաբան.net-ը հայտնում է, որ օրենքի 9-րդ հոդվածով էլ սահմանվում է աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և հաշվառումից հանումը։
Գործազուրկի կարգավիճակը տրվում է լիազորված մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Լիազորված մարմինը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե`
1) գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի.
2) լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.
3) գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.
4) գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.
5) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից.
6) գործազուրկը անհարգելի պատճառով լիազորված մարմնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` լիազորված մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7) գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
8) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման.
9) գործազուրկը մահացել է:
Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ: