Մենք ժառանգել ենք մի իշխանություն, մի պաշտպանության համակարգ, որը ի զորու չի եղել հաղթել այս պատերազմը․ Էդուարդ Աղաջանյան

«Մեզ մեղադրում են դավաճանության մեջ, թե իբր հողեր ենք հանձնել, ծախել, դավաճանել ենք մեր ժողովրդին և մեր պետությանը։ Ես ուզում եմ մենք արձանագրենք, թե ովքեր են խոսում դավաճանության մասին, հետո անդրադառնալ մեր բաժին պատասխանատվությանը»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում։

Նա նշել է, որ իրենց քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ,  չեն խուսափում իրենց բաժին պատասխանատվությունից։

«Այո, այս պարտությունը տեղի է ունեցել մեր իշխանության օրոք, և դա որևէ մեկը չի կարող հերքել, այդ թվում՝ մենք։ Հետևաբար մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը, ընդ որում՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական։ Ես ուզում եմ արձանագրել, որ վարչապետը և որոշ դեպքերում նաև իր ընտանիքը պիտակավորվում են որպես դավաճան, այս գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կենտրոնացնելով այդ անձի վրա։ Ես ուզում եմ՝  մենք արձանագրենք, որ այդ որոշումների և արդյունքի համար հավասարապես պատասխանատու եմ անձամբ ես, մեր քաղաքական թիմի բոլոր անդամները, այդ թվում՝ կառավարության անդամները, այդ թվում՝ ռազմական ղեկավարությունը, որովհետև առանց ռազմական ղեկավարության իմացության և համաձայնության բոլոր օրերին որևէ որոշում չի կայացվել, սա շատ կարևոր հանգամանք է»,- ասել է նա։

Խոսելով իրենց դավաճաններ անվանողներից՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց․

«Երբ խոսում են դավաճանության մասին անձինք, որոնք մշտապես եղել են իշխանության մաս, կազմել են օրվա իշխանության հետ կոալիցիաներ, որի ընթացքում իմանալով, որ 20 տարի շարունակ թշնամին աննախադեպ տեմպերով զինվում է, պատրաստվում է պատերազմի, իսկ մենք այդ 20 տարվա ընթացքում ի՞նչ ենք արել․ գողացել ենք և գռփել ենք առաջին հերթին բանակը, մենք չենք զինվել, մենք թերզինվել ենք, թերսնել ենք մեր զինվորներին վերջին 20 տարիների ընթացքում։ Մենք կեղծել ենք ընտրություններ և դրա դիմաց ի՞նչ ենք արել․ ունեցել ենք պաշտոնյաներ, ովքեր միլիոնավոր դոլարներ են ձեռք բերել։ Եվ դրա արդյունքում մենք ժառանգել ենք մի իշխանություն, մի պաշտպանության համակարգ, որը ի զորու չի եղել հաղթել այս պատերազմը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել