Օր առաջ սկսելու ենք ձեր վերականգնումը, դրանում չկասկածե՛ք․ Աննա Հակոբյանը՝ բուժվող զինվորներին

ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջեց կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացավ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Կենտրոնի ընթերցասրահում տեղի ունեցավ նաև անկեղծ զրույց, որի ընթացքում տղաները պատմեցին իրենց մարտական ուղու մասին, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, դիտարկումներ արեցին ինչպես բանակի ու պատերազմի, այնպես էլ երկրի առաջ ծառացած խնդիրների մասին: Կենտրոնում վերականգնվող արցախցի զինվորական Արթուր Աբրահամյանը պատմեց, որ աներկբա որոշում ունի՝ վերադառնալ Արցախ ու զրոյից սկսել կառուցել իր տունը, բանակը, երկիրը, միասնական, համերաշխ ու հաստատակամ լինել նորից հաղթելու համար:

Տիկին Հակոբյանը լսեց բոլորին, պատասխանեց հարցերին, և, ի դեմս հանդիպման ներկաներին, հավաստիացրեց, որ բոլոր վիրավորներն ու տուժածներն իրենց կյանքի որակի բարձրացման համար ստանալու են անհրաժեշտ բուժօգնություն, բոլորը լինելու են հոգածության տակ: «Ինձ համար կարևոր է ինչպես զինվորների ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ամրությունը: Օր առաջ սկսելու ենք ձեր վերականգնումը, դրանում չկասկածե՛ք», – նշեց տիկին Հակոբյանը:

Զինվորները շնորհակալություն հայտնեցին կենտրոնի անձնակազմի, բժիշկների մասնագիտական ու մարդկային որակների, ստացած ջերմության համար: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի աշխատանքները համակարգող «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքը, բարձրացրեցին խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը հետևողականորեն աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին` հատուկ հոգածության տակ առնելով մեր քաջ զինվորականներին: Հիմնադրամի ու Կենտրոնի միջև կնքվել է նվիրաբերության 180 միլիոն ՀՀ դրամի (351 հզր 350 ԱՄՆդոլար) պայմանագիր։ Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60-70 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի:
Երախտապարտ ենք մեր բոլոր բարերարներին, աջակիցներին, որ իրենց վստահությամբ ու գործուն քայլերով օգնում են մեզ լինելու Հայրենիքի պաշտպանի կողքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել