Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության համար պետական գույքն օտարելու մասին որոշման նախագիծը:
Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 487.5 քառ.մետր մակերեսով 3-րդ հարկն ամբողջությամբ հետ է վերցնելու «Երևանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
«Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի համաձայն կազմակերպությունը նպատակ ունի հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործի անվճար հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի և համակարգչային դասընթացների խմբակներ: Կենտրոնը երեխաներին կընձեռի նաև տարբեր արհեստներ սովորելու, մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամառային արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություն:
Աղբյուրը` Իրավաբան.net