Ներկայումս, ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում մեծ սեր և համակրանք են վայելում Teddy Bear արջուկները:
Իսկ որտեղի՞ց է առաջացել Teddy-ի անվանումը:
Որքան էլ զարմանալի կարող է թվալ, նշենք, որ այն առաջացել է ԱՄՆ նախագահ Թեոդոր (Թեդդի) Ռուզվելտի անունով:
Մի օր որսի ժամանակ նա հրաժարվում է կրակել արջուկին:
Վերջինիս մասին լուրերն արագորեն հասան լրագրողներին:
Կատարվածը տպագրվեց թերթերում:
Այդ լուրն այնքան ոգեշնչեց արտադրողներից մեկին, որ նա սկսեց պատրաստել մեզ բոլորիս հայտնի Teddy Bear-ների շարքը:
ՀՀ-ում հնարավոր է հանդիպել արջերի, մասնավորապես գորշ արջերի հանդիպում են Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիկի մարզերում: Երբեմն նման արջերը կարող են մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր:
«Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի համաձայն՝ Գորշ արջը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում:
Գրանցված է եղել նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, սակայն 1972 թ.-ից հետո` որպես անորոշ կարգաբանական ձև, հանվել է:
Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1 b(iii)»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները, նրանց բնակատեղերը, ձվադրման վայրերը և ձվերը, միգրացիոն ուղիները, բները և այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են առաջացնել կամ առաջացրել են այդպիսի կենդանիների անկում, թվակազմի կրճատում կամ բնակության միգրացիայի խախտում, կամ էլ բացառիկ դեպքերում թույլատրված որսի պայմանների խախտմամբ դրանք որսալը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:
Նշենք նաև, որ հանցագործություն է համարվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների բնակության անհետացող կամ հազվագյուտ վայրերի ոչնչացումը:
ՀՀ Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների բնակության անհետացող կամ հազվագյուտ վայրերը ոչնչացնելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է այդ օրգանիզմների ամբողջական պոպուլյացիաների բնաջնջում (մահ)՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հ.Գ Գորշ արջերի հետքը երբեմն կարելի է շփոթել մարդու հետքի հետ:
Աղբյուր՝ Իրավաբան.net