«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կազմելիս պայքար է գնացել յուրաքանչյուր արտահայտության համար, հայտնում է «Իզվեստիան»։
Նա նաև անհիմն է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելու փորձերը։
«Անհիմն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելու փորձերը: Իրավիճակը սկսել էր զարգանալ այնպես, տեղի ունեցավ մի բան, որը կարելի էր կանխատեսել, այն է՝ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողություն հաստատեցին Շուշիի վրա: Եվ ինչպես երեկ ասել է վարչապետ Փաշինյանը, միանգամայն արդարացի և ազնիվ, դիմելով իր ժողովրդին, իրավիճակը կրիտիկական էր հայկական կողմի համար: Ժամերի հարց էր: Ստեփանակերտի գրավումը և հետագա շարժումը հնարավոր էր», – ասել է Պուտինը:
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանը երկկողմ պարտավորությունների շրջանակներում, այդ թվում ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ամբողջությամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները: Դրա համար Հայաստանի ղեկավարությունը, ներառյալ Փաշինյանը, բազմիցս երախտագիտություն են հայտնել և ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը «կատարում է այս ոլորտում իր բոլոր պարտավորությունները»։
Միևնույն ժամանակ, Պուտինը պարզաբանել է, որ Փաշինյանի վարչապետության օրոք ինքը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատկություններ չի նկատել, ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում։