Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փորձում եմ մտքերս հավաքել, մի բան ասել, անել, չի ստացվում…
Շատ կարճ ժամանակահատվածներով սթափվում ու էլի գլորվում եմ ապրումների մեջ։ Չգիտեմ ում մեղադրեմ՝ ինձ, մեզ, Նիկոլին, Ռոբերտին, Սերժին, գեներալներին… մեղավոր ենք, մենք՝ ակտիվներս, որ դրանց քիթը չտրորեցինք ժամանակին, որ դրանց բերդերը չդնելու հետևանքով, էսօր մեր բալեքին գերեզման դրինք։ Որ Նիկոլին իշխանություն տվինք ու չստիպեցինք մեր պարտքը տա, մեր երկրի ունեցվածքը մեկ ամսում վերադարձնի։ Նրանք 25 տարի քթներիցս Արցախի հարցով քարշ տվին, սրանք նրանցից թալանածը ետ բերելու խոստումով։ Ախար բոլորս էլ գիտեինք, որ Նիկոլը անցումային է, մաքսիմում մեկ տարի, ինչու՞ էլի կուտը կերանք, փաստորեն եթե այս պատերազմը չլիներ, մի 25 տարի էլ սա էր մեզ խաղացնելու՞
Մի բան է հստակ, տղերքն առյուծ էին, տղերքն հերոս էին, տղերքին մեղադրողն ամենաքիչը անաստված, անսրբություն մեկը պիտի լինի։
Նույնիսկ չեմ մեղադրում դիրքերը լքողներին, զորահավաքից խուսափողներին։ Նրանց չմոտիվացրին, նրանց չկազմակերպեցին, նրանց թույլ չտվեցին ընկերանալու ու ընկերոջ համար կյանքը տալու խելագարությունը հասկանալ։ Ժամկետայինին գլխակորույս սիրահարվելու բերկրանքն ու ՏՂԵՐՔՈՎ մահվան երեսին ծիծաղելու աննորմալ հաճույքը չհասցրին զգալ։ Դա զորքի մեջ սերմանելը հրամանատարի արվեստն է, ինչն այդ դեպքերում չարվեց։ Որտեղ արվեց, լրիվ այլ պատկեր ունեցանք։
Հրամանատարների խիստ պակաս եղավ, որոշ դեպքերում էլ կային, բայց…
Զենք ու զինամթերքը կարծես թե բերվում էր(փաստերով եմ տեղյակ), միգուցե քիչ էր, չբավականացրեց, միգուցե մնացյալի նման ճիշտ չկազմակերպվեց, ու ճիշտ ժամանակին չբաշխվեց։
Բանակի կազմակերպվածությունը կաղում էր, բայց ավելի շատ կաղում էր յուղոտ(փողոտ) պաշտոնների ու ենթակառուցվածքների մասով։ Մարտական մասը առավելագույնն էր անում։ Տարրական և համեմատաբար էժանը չկար նույնիսկ, կապի միջոց, դիտարկման սարքեր, նույնիսկ հասարակ անհատական բուժ փաթեթներ…
Քաղաքական դաշտում մեծ, ահռելի ֆիասկո՝ շարունակվեց 30-ամյա ապաշնորհ կառավարումը։ Նույնիսկ ամենապրիմիտիվ ագիտացիան գլուխ չբերվեց, <<մեզ փռթում են, եկեք միասին փռթվենք>> մակարդակի հայտարարություններով զորք էին ուզում հավաքել, նույնիսկ սրա մասին գրելն է ամոթ։ Երևանում եղած ժամանակ քանի տեղ հանդիպեցի դիրքը լքածների, ովքեր գլխներին խմբեր հավաքած պատմում էին, թե <<իիինչ ահավոր էր, զենք չկար, կասկա չկար, հրամանատարը պառկել խրամատում, լացում էր, կամ հրամանատար ընդհանրապես չկար>>։
Տպավորություն էր, թե պետական ագիտացիա է տարվում, որ ոչ ոք հանկարծ առաջնագծի կողմ չգնա, այսքան զավեշտալի էր ամենը։
Այն մարդկանց, ովքեր առաջնագիծ ինքնակամ էկիպերովկա և այլ անհրաժեշտ իրեր էին հասցնում, քիչ էր մնում ազգի դավաճան հանեին, թե բա ՊՆ-ն տալիսա, դուք ի՞նչ եք ձեր գլխու բաներ անում։ Պարզվեց այդ ուղություններում, լուրջ հաջողություններ ունեցավ բանակը։
Ինչևէ, դեռ շատ ծանրութեթև կանենք մեր սխալներն ու բացթողումները, դեռ շատ ինքներս մեզ կխարազանենք, կմեղադրենք, կլացենք ու կողբանք։
ԲԱՅՑ
Հիմա դեռ կամուֆլյաժը աթոռին է մնում կախված, խանչալները վրան կախված, դեղորայքն ու ժգուտը գրպանում, մեքենան վառելիքով լիցքավորված…
Ես դեռ հույս ունեմ, որ…
Ուզում էի գրել բանակը, հայրենիքը, հրամանատարությունը…
Հիշեցի արկերի դատարկ արկղերը, հրետանավորների հայհոյանքները, ռուսական զորքը…»: