Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Նախարարն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10֊ի համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները` նշելով, որ այդ հայտարարությունը կոչված է ռազմական գործողությունների դադարեցմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը։
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը շարունակելու ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված արցախահայության շահերի լիարժեք հասցեագրմանը: Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց Արցախի կարգավիճակի և արցախահայության անվտանգության կայուն երաշխիքների ապահովման հրամայականը: ԵՄ բարձր ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձրացրեց Արցախի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագիրը։ Նա որպես առաջնահերթություն ընդգծեց դրանց պահպանության առնչությամբ անհապաղ քայլերի ձեռնարկումը՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի են արժանացել մինչ այժմ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական պատմամշակութային կոթողները:
Այս առնչությամբ ԵՄ բարձր ներկայացուցիչը ընդգծեց մշակութային ժառանգության պահպանման և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների պահպանման կարևորությունը:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և տեղում դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկեցին այդ ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը։