Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Նախարար Մնացականյանը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները:

Նախարար Մնացականյանն ընդգծել է ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անցկացնելու անհրաժեշտությունը: Այս առնչությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Զոհրաբ Մնացականյանը համապարփակ ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՄԱԿ-ի և համապատասխան մարմինների ներգրավմանը:

ԱԳ նախարարը շեշտել է նաև տեղահանված արցախահայության իրավունքների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՄԱԿ-ի կարևոր դերակատարությունը՝ իրեն վստահված միջազգային մանդատի շրջանակներում:

Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախում վտանգի տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել